Վիլա Նոր Արաբկիր, բազմաբնակարան շենք

Տեսակ:
Բնակելի
Տարեթիվ:
2012 - 2018
Մակերես:
3060 քմ
Բյուջե:
$ 3'500'000
Փուլ:
Իրականացված
Դիրք:
Երեւան, Արաբկիր, Մամիկոնյանց նրբանցք 1 

Նախորդ դարի 30-ական թվականներին Թուրքիայում ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ աշխարհով մեկ սփռված հայերի մի մասը բնակություն հաստատեց Խորհրդային Հայաստանում: Հանրապետության խոշորագույն քաղաքներում հայրենադարձներին տրամադրվում էին բնակելի կառուցապատման համար հողատարածքներ, որոնցից մեկը հանդիսացավ Երևան քաղաքի հյուսիսում գտնվող Նոր Արաբկիրը: Քաղաքի ճարտարապետների կողմից մշակվեց բնակելի թաաղամասի գլխավոր հատակագիծը: Այնուհետեւ, 40-ական թվականներից սկսվեց շինարարությունը:

Տարածքը կառուցապատվում էր հիմնականում գաղթականների ծննդավայրերում նախատիպ ունեցող մեկ կամ երկու հարկանի բնակելի տներով: Սակայն այս քաղաքաշինական միջավայրը լիովին չձեւավորվեց եւ երկար կյանք չունեցավ: Խորհրդային շրջանում յուրօրինակ կոլորիտ ունեցող այդ տներին եկան փոխարինելու բազմահարկ բնակելի և արդյունաբերական շենքերը:

Մինչ մեր օրերը, որպես ժառանգություն, հասել են այդ տներից եզակիները: Դրանցից մեկը գտնվում էր պատվիրատուի կողմից գնված տարածքում: Այդ երկհարկանի տունը գրանցված չեր, որպես պատմամշակութային առժեք, ուստի ի սկզբանե նրա պահպանելու պահանջ դրված չեր: Այնուամենայնիվ մենք պնդեցինք, որ հին տան ճակատը պետք է անպայման դառնար նորակառույց շենքի ներդաշնակ մաս: Դրա համար անգամ պահպանվեցին եւ նորից օգտագործվեցին այդ շինության շարվածքը կազմող քարերը:

Այսօր Երեւանի պատվիրատուների մեծ մասը ձգտում է, կառուցելով բազմահարկ շենքեր, ստանալ առավելագույն եկամուտ: Նորակառույց 4 հարկանի շենքը կարելի է համարել բացառություն: Մեր նպատակն էր ռացիոնալ նախագծմամբ, առանց ճարտարապետական կամ տեխնոլոգիական ավելորդությունների, ապահովել ապագա բնակիչներին առավելագույն հարմարավետություն:

Բնակարանների մեծ մասի մակերեսը կազմում է 85-140 քմ: Շենքի 18 բնակարաններից 14-ը ունեն միջանցիկ օդափոխություն, իսկ հատակից առաստաղ բարձրությամբ ապակեպատումը ապահովում է բնակարանների լավ բնական լուսավորությունը, նույնիսկ հայկական պայմաններում ցածր համարվող՝ 2.55մ բարձրությամբ առաստաղների դեպքում: